ՀՀ Լոռու մարզի Ուրասար գյուղը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանում՝ բնության մի գողտրիկ տարածքում։ Չորս կողմից շրջապատված է Բազումի լեռնաշղթայով, գեղատեսիլ, մարգարտածածկ բլուրներով։
Ուրասար գյուղը հիմնվել է 1815 թվականին։ Սկզբնական շրջանում եղել է Պրեոբրաժենսկու գնդի հրաձգարանը։ Գյուղում հիմնականում ապրել են ռուսներ. գյուղը կոչվել է Պոկրովկա։ Դպրոցը հիմնադրվել է մոտավորապես 1905-ական թվականներից, այն եղել է եկեղեցուն կից, ուր դասավանդել է գյուղի քահանան։ Դպրոցն ունեցել է երեք դասարան։ Որոշ ժամանակ անց՝ մոտավորապես 1919-20 թվականներին, դարձել է չորսդասյա, այդ նույն ժամանակահատվածում գյուղը վերանվանվել է Կույբիշևո։ 1925 թվականին կառուցվել է դպրոցի շենքը, որտեղ դասասենյակները քիչ լինելու պատճառով դասերը ընթացել են երկու հերթով։ Առաջին տնօրենը եղել է Ա. Կուրմաևը։
1930-ական թվականներից գյուղում ապրել են նաև հայեր և ադրբեջանցիներ։
Հայրենական մեծ պատերազմից հետո գյուղի դպրոցը դարձել է յոթամյա։ Գյուղը շատ զինվորներ է ուղարկել ռազմաճակատ, որոնցից 105-ը զոհվել են։ Գյուղը տվել է մեկ հերոս՝ Մոզգովոյ Նիկոլայ։ 1954-56 թվականներին կառուցվել է դպրոցի նոր շենքը՝ մեկ հարկով։ Այդ թվականներին էլ նոր տնօրեն է նշանակվել Ստեպան Պետրովիչ Լանչինսկին։ Իվան Գրիգորևիչ Գլազովն աշխատել է որպես ուսմասվար, Վարվառա Ֆիլիպովնա Երոխինան՝ մաթեմատիկայի ուսուցչուհի, Նինա Նամազովնա Սուլեյմանովան՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի, Աննա Դմիտրիևնա Գոդունովան՝ նույնպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, Ալինա Ստանիսլավովնա Կոնդրատը՝ գերմաներենի, Իվան Միխայլովիչ Երոխինը՝ աշխատանքի ուսուցման և ֆիզկուլտուրայի, Պոլինա Պետրովնա Դորոգոնովան և Եվգենյա Իվանովնա Լանչինսկայան՝ դասվար։ Անցյալ դարի 60-ական թվականներին դպրոցն ապրել է խորհրդային տարիների բուռն կյանքով. տնօրեն Ստ. Լանչինսկու նախաձեռնությամբ դպրոցում գործել է բալալայկայի լարային խմբակ, որն իր համերգային հյուրախաղերով հայտնի է եղել ողջ տարածաշրջանում:
1978 թվականին կառուցվել է դպրոցի շենքի երկրորդ հարկը։ 1982 թվականից երրորդ տնօրեն է դարձել Ֆյոդոր Եֆրեմովիչ Գոդունովը։ Այս ժամանակահատվածում դպրոցում աշխատել են Մեսրոպ Մուրադյանը՝ որպես հայոց լեզվի, աշխարհագրության ուսուցիչ, Զինա Վասիլևնա Նովոխատսկայան՝ ռուսաց լեզվի ուսուցիչ և գրադարանավար, Ելենա Իվանովնա Մառը՝ պատմության, Իվան Նիկոլաևիչ Սահակյանը՝ քիմիայի, Ժաննա Նիկոլաևնա Ղազարյանը՝ մաթեմատիկայի, Ռիմա Մարտիրոսովան՝ ռուսաց լեզվի, Սամվել Պարգևիչ Ղազարյանը՝ ֆիզիկայի, Զինաիդա Ֆյոդորովնա Բիչկովան և Վալենտինա Եգորովնա Կոկարևան՝ դասվար։
1988 թվականի երկրաշարժից դպրոցի շենքը փլվել է, պարապմունքները անց են կացվել դպրոցի հին հարմարեցված շենքում։ 1989 թվականին բացվել է առաջին հայկական դասարանը, որի դասվարն է եղել Անահիտ Պոկացյանը։
1994 թվականից դպրոցը դարձել է հայկական, ութամյա, և տնօրեն է նշանակվել Անահիտ Պոկացյանը։
1994 թվականին գյուղը վերանվանվել է Ուրասար։
2000 թվականին կառուցվել է դպրոցի նոր շենքը՝ 100 աշակերտի համար։
Դպրոցն ունեցել է լավագույն շրջանավարտներ, որոնցից շատերը հայտնի մարդիկ են:
2013 թվականից դպրոցի տնօրենն է բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Շոլինյանը:
Ներկայումս դպրոցը իննամյա է, գործում է մեկ հերթով, ունի 46 աշակերտ։
