6/23/2017

Ուրասար գյուղի պատմությունը


Ստեփանավանի շրջանի գյուղերի քարտեզը,
որտեղ տրվում է Կույբիշև գյուղի սահմանները:
  ՀՀ Լոռու մարզի Ուրասար գյուղը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանում՝ բնության մի գողտրիկ տարածքում։ Չորս կողմից շրջապատված է Բազումի լեռնաշղթայով, գեղատեսիլ, մարգարտածածկ բլուրներով։ Գյուղը գտնվում է Ստեփանավանից արևմուտք՝ 8 կմ հեռավորության վրա: Այն տեղավորված է բարձր և հարթ սարավանդի վրա: Գյուղի կողքով հոսում է Ձորագետը: Գյուղը մարզկենտրոնից հեռու է մոտավորապես 48 կմ: Ուրասարն իր տարածքով հարակից է Ստեփանավանի Արմանիս թաղամասին և Կաթնաղբյուր գյուղին:
 Ուրասար համայնքի մասին աղբյուրները (արխիվային վավերագրեր, խորհրդային ժամանակաշրջանում հրատարակված թերթերում լրագրողական հետազոտություններ, օնլայն ռեսուրսներ) սակավ են: Չնայած դրան՝ հնարավոր է վերականգնել և ներկայացնել գյուղի պատմության հատկանշական կետերը՝ ըստ արխիվային վավերագրերի: Գյուղի պատմության ուսումնասիրության համար արխիվային վավերագրերը եկեղեցու չափաբերական մատյաններն են, Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած փաստաթղթերում հիշատակությունը, ինչպես նաև պաշտոնական գրությունները և դիմումները՝ ուղղված տարբեր պաշտոնական մարմինների:

Նովո Պակրովկա գյուղի եկեղեցու հիմնադրումը՝
ըստ գյուղի ծխական մատյանների:
 Ուրասարի հիմնադրման մասին պատմական սկզբնաղբյուրները ստույգ տեղեկություններ չեն տալիս: 1921 թ. արխիվային վավերագրերի հաղորդմամբ գյուղը հիմնադրվել է 1855 թվականին և կոչվել է Նովո Պոկրովկա[1]: Նույն վավերագրի համաձայն՝ 1921 թվականի դրությամբ գյուղում բնակվել է 731 մարդ: Գյուղը հիշատակվում է նաև Փարիզի վեհաժողովի մասին վավերագրերում, որտեղ բնակչության քանակը ներկայացված է 738 մարդ: Պետք է նշել, որ հիմնականում գյուղի հիմնադրումից մինչև ԽՍՀՄ փլուզում գյուղում միջինը ապրել է 600-700 մարդ, գյուղի բնակչության թվաքանակն իր գագաթնակետին է հասել 1979 թվականին՝ 1128 բնակչով[2]: Հիմնական էթնիկ տարրը մինչև 20-րդ դարի առաջին քառորդ եղել են ռուսները, այնուհետև գյուղը բնակեցվել է նաև հայերով և ադրբեջանցիներով: Եվս մեկ վավերագրի համաձայն՝ գյուղը ունեցել է նաև Չիբուխլու անվանումը, սակայն վավերագրերի համադրումից պարզ դարձավ, որ այս անվանումը երբեք չի եղել պաշտոնական անվանում, այլ միայն նեղ շրջանակների համար է օգտագործվել: Անվանումն ըստ երևույթին սկսել է օգտագործվել այն ժամանակ, երբ գյուղում բնակվել են կովկասյան թաթարները: Գյուղի անվանումից պարզ է դառնում, որ հիմնադրումից սկսած մեծ ուշադրություն է դարձվում հոգևոր կյանքին, այդ թվում՝ նաև կրթությանը: 
ՀԽՍՀ Կենտվիճվարի կազմված
տեղեկագիրը՝ գյուղի հիմնադրման,
ծխերի ու բնակչության
թվաքանակի վերաբերյալ, 1925թ:
 Գյուղի եկեղեցին հիմնադրվել է 1901 թվականին: Գյուղի չափաբերական մատյաններից մեկի հաղորդմամբ մինչ եկեղեցու կառուցումը՝ 1885 թվականից սկզբնավորված է եղել քահանայագործությունը: Արխիվային վավերագրերում պահպանվել են գյուղի եկեղեցու հոգևորականների և սաղմոսերգուների անունները: Սաղմոսերգուներից Թեոդոր Դորոգոնովի ծոռնուհին այժմ դպրոցի ռուսերենի ուսուցչուհին է՝ Նոնա Հայրապետյանը, մայրական կողմից՝ Դորոգոնովա:
 Ցանկացած գյուղի համար նշանակալից իրողություն է նաև դպրոց ունենալը: Այդ հարցում պետք է նշել, որ Նովո Պոկրովկա գյուղը գերազանցում էր Լոռու մարզի մյուս գյուղերին: Արխիվային վավերագրերում հստակ տեղեկություններ են պահպանվել գյուղի դպրոցի հիմնադրման և շենքային պայմանների մասին:

[1] Նովո Պոկրովկա (Ново Покровка) ռուս.՝ покров, անվանվել է ի պատիվ Покрова Святой Богородицы եկեղեցու: Այստեղ հետաքրքրական է մի հանգամանք. ըստ ռուսական ավանդության եթե գյուղում կամ փողոցում գոյություն ունի եկեղեցի, ապա գյուղը կամ փողոցը անվանվում է ըստ այդ եկեղեցու: Ստացվում է, որ գյուղը հիմնադրվել է 1855թ., սակայն եկեղեցին կառուցվել է 1901 թվականին: Այստեղից կարող ենք ենթադրել, որ գյուղի հիմնադրման հետ զուգահեռ և կամ սկսվել են եկեղեցու կառուցման աշխատանքները, և կամ գյուղը հիմնադրվել է 1855 թ. հոկտեմբերին, քանի որ ռուս ուղղափառ եկեղեցին Աստվածածնին նվիրված տոնակատարությունների շարքը սկսում է հոկտեմբերի 14-ից:


Комментариев нет: